Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներդրումային ծրագրերի նոր կայք է ներկայացրել՝ investmentprojects.am:

Փետրվարի 17-ին նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը լրագրողներին ասաց, որ կայքում արդեն ավելի քան 30 ծրագիր է տեղադրված, որոնք կառավարությունն է կազմում, սակայն իր ծրագրերը կարող է ներկայացնել նաեւ մասնավոր հատվածը:

«Այս հարցում պետության եւ բիզնեսի շահերը համընկնում են: Մենք ծրագրեր ենք ներկայացնում, որոնք երկրի համար հեռանկարային ենք համարում: Իսկ բիզնեսը ցանկանում է իր նոր գործի մեջ գործընկերների ներգրավել: Այս պորտալում կլինեն ե՛ւ առաջին տեսակի, ե՛ւ երկրորդ տեսակի ծրագրեր»,- պարզաբանեց Ներդրումների վարչության պետ Վահագն Լալայանը:

Կայքն առայժմ անգլերենով է գործարկվել, որին հետո կավելանան այլ լեզուներով տարբերակները: Ներկայացված են ե՛ւ նոր, ե՛ւ հին ծրագրեր՝ «դարակում փոշոտվածներից», օրինակ՝ գերամուր ապակու արտադրության նախագիծը, որի տեխնոլոգիան պատրաստ էր դեռեւս խորհրդային տարիներին: