Պաշտպանության նախկին նախարար, «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը պնդում է, որ ինքը դեմ է եղել ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած պաշտոնանկություններին:
«Պաշտպանության բանակը համապատասխան ապահովվածությունն ունի պաշտպանական եւ անհրաժեշտության դեպքում հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար: Այլ բան է, որ Զինված ուժերի զարգացման պլանով ունենք ժամանակացույցեր, որոնց համապատասխան ձեռք ենք բերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Կառավարման առումով որոշակի թերացումներ, սխալներ ես էլ եմ ունեցել, երբեւիցե չեմ ասել, որ ես սխալներ չունեմ: Այդ պաշտոնանկություններին դեմ եմ եղել, որովհետեւ դրանք ցույց են տվել, որ եւ կապի, եւ հետախուզության ոլորտում իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են: Նյութատեխնիկական ապահովման խնդիրների առումով պարոն Միրզաբեկյանը բավականին լուրջ աշխատանքներ է կատարել այդ ոլորտում արդարություն մտցնելու համար, եւ չեմ կարծում, որ բանակն է այն միակ կառույցը, որը պետք է թիրախավորել որպես կաշառակերության, կոռուպցիայի տեղ»,- այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ արվեցին, այդ թվում, պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը:



























