Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտնել է, որ Փհենյանը «կտրականապես հերքում է» Կիմ Չոն Նամի՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մարմնի դիահերձման արդյունքները։ Դեսպանը նաեւ կոչ է արել Կուալա Լումպուրին վերադարձնել մարմինը Հյուսիսային Կորեային, հայտնում է Reuters–ը։

«Մալայզիական կողմը դիահերձումն արել է առանց մեր թույլատվության ու մեր դիտորդների բացակայությամբ։ Մենք կտրականապես հերքում ենք այդ դիահերձման արդյունքները»,- ասել է նա։

Նշում են, որ դիվանագետի խոսքում չի հնչել Կիմ Չոն Նամի անունը, փոխարենը գործածվել է «քաղաքացի» բառը։

Ավելի վաղ Մալայզիան հայտնել էր, որ Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված Կիմ Չոն Նամի մարմինը չի հանձնի Հյուսիսային Կորեային, քանի դեռ Փհենյանը փորձաքննության չներկայացնի հանգուցյալի մոտ ազգականների ԴՆԹ նմուշները։