«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը մտահոգված է Ադրբեջանում հերթական լրագրողի՝ Kend.info կայքի խմբագիր Էլչին Իսմայիլի կալանավորման մասին հաղորդագրություններով։

Նա միացել է Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով կալանավորված լրագրողների ծավալուն ցուցակին։

Այսօրվա դրությամբ առնվազն 12 լրագրող, բլոգեր ու լրատվամիջոցի աշխատակից է բանտարկված այդ երկրում։ Փետրվարի 17-ին ձերբակալելուց հետո խմբագրին մինչև դատավարություն 24 օրով կալանավորել են «ծանր հանգամանքներում դրամաշորթության» մեղադրանքով։ Դատախազը նրան մեղադրում է տեղի չինովնիկներից մեկին շանտաժի ենթարկելու մեջ։ Իսմաիլլին պնդում է, որ այդ մեղադրանքները կեղծված են, ու նպատակ ունեն ստիպել, որ ինքը դադարեցնի իր քննադատական հրապարակումները։ Իսմաիլլին Kend.info  կայքի հիմնադիրն ու խմբագիրն է, կայքը գրում է կոռուցպիայի ու մարդու իրավունքների խախտումների մասին։ Խմբագիրը բազմիցս հետապնդվել է իշխանությունների կողմից, նրա հանդեպ գործադրվել է նաեւ ֆիզիկական բռնություն, կալանքներ ու զրպարտության համար հայցեր։ «Բաքվի միջազգային գործընկերները չպետք է հանգիստ նայեն, թե ինչպես են լրագրողներին Ադրբեջանում բանտ նստեցնում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Ադրբեջանական իշխանությունների քամահրանքը մարդու իրավունքների ոլորտում սեփական պարտավորությունների հարցում պահանջում է միջազգային համայնքի շտապ արձագանքը»,- նշումէ կազմակերպությունը։ Բացի դրանից վերջին ժամանակաշրջանի մի շարք իրադարձություններ լուրջ մտահոգություն են առաջացնում։ Օրինակ փետրվարի 17-20-ը «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի ութ աշխատակիցներ են հարցաքննվել ՝ թերթի կալանավորված ֆինանսական տնօրեն Ֆաիկ Ամիրովի գործով։ Իշխանություններին Ամիրովին թույլ չեն տալիս տնային կալանքի տակ գտնվել, չնայած նա լուրջ առողջական խնդիրներ ունի։

Վատացել է նաեւ բլոգեր Ռաշադ Ռամազանովի առողջական վիճակը,որը բանտարկված է 2013-ից։ Ռամազանովին 9 տարվա ազատազրկման են դատապարտել թմրադեղերի շրջանառության ՝ կեղծված մեղադրանքով։ Օրերս Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը՝ ապօրինի ձեռներեցության մեղադրանքով։ Նա 18 ամիս է անցկացրել բանտում ու արդարացվել 5 կեղծ մեղադրանքներից 3-ի մասով ։ Սակայն մեղադրանքն ամբողջությամբ դեռ չի չեղարկվել, իշխանություններն արգելել են նրան լքել երկիրը։