Հանրապետական կուսակցությունը որոշել է իրականացնել ակտիվ քարոզարշավ: Այդ մասին այսօր՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նիստը երկար է տեւել, քանի որ քննարկել են ՀՀԿ քարոզչական նախընտրական փաթեթի հարցերը: «Կուսակցությունը որոշել է իրականացնել ակտիվ քարոզարշավ, կօգտվենք հնարավոր բոլոր միջոցներից»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, թե ՀՀԿ քարոզչության մեխը պետք է լինի անվտանգության ապահովումը, ապա նոր՝ տնտեսական զագացումը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:
«Կուսակցության քարոզչությունը կլինի «Անվտանգություն եւ առաջընթաց» նշանաբանով, որովհետեւ մեզ համար թիվ մեկ մարտահրավերը անվտանգությունն է, եւ մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք եւ զարգացնենք մեր ազգային, պետական անվտանգությունը»,- նշել է նա:




























