ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանն իրենց արած հայտարարությունների համար պետք է «Ելք» դաշինքից ներողություն խնդրեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը իշխանությունների կողմից չի կառավարվում՝ ՕՐՕ դաշինքն է եւ Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել իշխանությունների հետ:
«Եթե պարոնայք Սամվել Բաբայանը եւ Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել՝ ներողություն խնդրելն է: Եթե իրենց ասածները նրանք կարող են հիմնավորել, ապա թող հիմնավորեն, եթե ոչ՝ նման հայտարարություններին մեր վերաբերմունքը կլինի համարժեք»,-ասել է նա:




























