Ադրբեջանը մտադիր է գազ արտահանել Արեւմտյան Եվրոպա, բայց ստիպված ինքն է գազ գնում իր կարիքների համար, նշում է Reuters–ը։
Մի քանի տարի առաջ Ադրբեջանում սկսել են մշակել «Շահ Դենիզ» գազի խոշոր հանքավայրը, բայց 2020-ից հետո դրա արդյունահանումը Բաքուն նախապես է իրացրել Հունաստանին, Իտալիային, Թուրքիային ու մյուս երկրներին, որոնք ուզում են կրճատել ռուսական գազից իրենց կախումը։
Ընդ որում անցած տարվա վերջին, երբ «Շահ Դենիզ» գազատարի շինարարությունը կիսով չափ ավարտված էր, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ սկսում է գազ ներմուծել Իրանից։
Reuters-ի աղբյուրների տվյալներով, գազը մատակարարվում էր Թուրքմենստանի տարածքով, բայց այդ մատակարարումները դադարեցվել են Իրանի ու Թուրքմենստանի միջեւ գնի շուրջ ծագած վեճի պատճառով։ Այդ նույն խնդիրների պատճառով դադարեցվել է գազի ներմուծումը նաեւ Ռուսաստանից;
Չինովնիկները հույս ունեն, որ Ադրբեջանի պահանջարկը կհաջողվի բավարարել այլ հանքավայրերի՝ այդ թվում «Յումիդի», «Բուլլա Դենիզի» ու «Աբշերոնի» հաշվին, որոնք մշակվելու են ֆրանսիական Total–ի հետ համատեղ։
Հունվարին SOCAR–ը հայտնել է, որ քաղաքացիների համար գազի գները կտրուկ աճում են, մինչդեռ մարդիկ մինչ այդ էլ չէին կարողանում վճարել հացի ու մյուս կարեւորագույն ապրանքների դիմաց։ ԸՆկերության փոխնախագահներից մեկի՝ Սուլեյման Գասիմովի խոսքով թանկացումը կարող է եւ վերջինը չլինել։
«Եթե մանաթը շարունակի արժեզրկվել, SOCAR -ը կառաջարկի վերանայել գազի սակագինը»,- հայտնել է նա։
Մատանատ Կասումովան աշխատում է Բաքվի խանութներից մեկում։ Նա ստիպված է եղել գումար խնայել ջեռուցման հաշվին, քանի որ նրա ամսավճարը կրկնապատկվել է՝ հասնելով 100 մանաթի՝ մոտ 56 դոլարի։ Դա Ադրբեջանում միջին աշխատավարձի մեկ հինգերորդ մասն է։
Որոշ բնակիչներ կառավարությանն են մեղադրում, ինչը հազվագյուտ երեւույթ է մի երկրի համար, որտեղ բողոքները ընկերների շրջանակից դուրս չեն գալիս։ «Չգիտեմ , թե ինչպես եմ վճարելու, սակագները աճել են, գներն աճում են, իսկ կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի օգնի մեզ»,- ասում է Ֆաթահը, որը Բաքվում տաքսու վարորդ է աշխատում։ Նա հրաժարվել է հայտնել իր ազգանունը։
Ալիեւը, որը 2003-ին փոխարինել է իր հորը, այս շաբաթ երկրի փոխնախագահ է նշանակել իր կնոջը՝ Մեհրիբանին։
Անցած տարվա սկզբին Ադրբեջանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել գների աճի ու գործազրկության դեմ։ Գրանցվել են բախումներ ոստիկանության հետ, ձերբակալվել են տասնյակցուցարարներ։
Փետրվարի 1-ին ադբեջանական մանաթը նվազել է մինչեւ պատմական նվազագույն՝ հասնելով դոլարի դիմաց 1․92 մանաթի։ 2015-ի վերջից մանաթը կրկնակի արժեզրկվել է, ընդ որում տարեկան գնաճը եռապատկվել է ու հասել 12 տոկոսի։
Բողոքի ակնհայտ նշաններ չկան,բայց Բաքվի 45-ամյա բնակիչ Վագիֆ Ասադովի խոսքով, դժգոհությունը բավականին տարածված է։ «Բոլորը դժգոհ են, բայց չեն արտահայտվում»,- ասում է նա։
Հանրապետությունը տարեկան սպառում է մոտ 12 մլրդ խորանարդ գազ։ Ըստ Ադրբեջանի վիճակագրության տվյալների, 2016-ին հանրապետությունում դիտարկվել է 1․4 մլրդ խորանարդ մետր գազի պակաս։
Ավելի վաղ, 2016-ի դեկտեմբերին, SOCAR-ի երկրորդ փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն Reuters–ին հայտնել է, որ Բաքուն սկսել է օրական 2-4 մլն խորանարդ մետր գազ գնել Իրանից։ Ընդամենը 2016-ին գնվել է 286 մլն խորանարդ մետր գազ։



























