Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը հստակ պատասխան է նրանց, ովքեր ԵՏՄ-ին անդամակցելուց հետո շտապում էին «թաղել» Հայաստանի եվրաինտեգրումը։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների ելույթների ժամին հայտնել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա հիշեցրել է, որ փետրվարի 27-ին ԵՄ Խորհրդի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով ավարտված է հայտարարել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Պետք է նկատել, որ փաստաթուղթը վկայում է ոչ միայն Հայաստանի իշխանությունների կամքի, այլեւ ԵՄ Արեւելյան գործընկերության գործընթացի վերանայման, առանձին երկրների պայմաններին դրա հարմարեցման մասին»,- ասել է Ֆարմանյանը։