Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարցազրույց է տվել մի ամսագրի, որը ավելի քան 20 տարի «Կարիտաս» բարեգործական կաթոլիկ կազմակերպության օգնությամբ հրատարակում են անօթեւանները եւ տարածում փողոցներում: Il Messaggero պարբերականը հայտնում է, որ հովվապետը կոչ է արել չհրաժարվել կարիքավորներին օգնելուց:

«Անչափ դժվար է ուրիշի կոշիկներն ընդունելը, որովհետեւ մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Թվում է, թե կարելի է ասել, որ մարդիկ նախընտրում են անձնական խնդիրների մասին մտածել՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարությունները եւ տառապանքը: Ուրիշի կոշիկը հագնելը նշանակում է հասկանալու եւ կարեկցելու ընդունակություն»,- հարցազրույցում ասել է հովվապետը:

Ի պատասխան այն հարցին, թե պե՞տք է ողորմություն տալ խնդրողին, Ֆրանցիսկոսը նշել է. «Ողորմություն չտալու բազմաթիվ արդարացումներ կան: Օրինակ՝ ախր ոնց փող տամ, որը նա մի բաժակ գինու վրա կծախսի: Սակայն այդ մեկ բաժակ գինին նրա միակ ուրախությունն է, եւ թող այդպես լինի: Մի պահ մտածիր, թե դու ինչպիսի փոքր գաղտնի ուրախություններ ունես»:

«Օգնելը մշտապես ճիշտ է»,- հավելել է նա: Հովվապետը նշել է, որ «բարեգործություն անելիս կարեւոր է աչքերի մեջ նայելը եւ ձեռքը բռնելը»: «Փողն ուղակի նետելն ու աչքերի մեջ չնայելը քրիստոնեական չէ»,- կարծում է Ֆրանցիսկոս պապը: