Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Միջին արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:
Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ իրենց գիտահետազոտական ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոններ: Պարոն Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության եւ հանրային ոլորտի հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Միջին արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը:




























