Հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի զեկույցի՝ Թուրքիայի մասով ԵՄ ընդլայնման հեռանկարների մանրամասները: Այնտեղ անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

Հայտնի է, որ նոյեմբերի 9-ին Բրյուսելում հրապարակվել է Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը: Անդամության թեկնածուների ցանկում ընդգրկվել է Չեռնոգորիան, իսկ Թուրքիայի ճակատագիրը մնում է անորոշ: Թուրքիան, որը եւս անդամության թեկնածու է, չի բավարարում ԵՄ գործադիր իշխանությանը պարտավորությունների կատարման ընթացքով:

Զեկույցում նշվում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի արձանագրած ձախողումները:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովի զեկույցում նշվում է, որ չնայած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության հռչակմանը, Թուրքիային չի հաջողվել կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների, հատկապես Հայաստանի հետ, եւ առայսօր վավերացված չեն արձանագրությունները: Զեկույցում նշվում է, որ Օրհան Փամուկին հետապնդում են իր քաղաքացիական կեցվածքի համար, իսկ Հրանտ Դինքի գործով առաջընթաց չկա:

Որպես դրական զարգացում՝ նշված է Ստամբուլում ապրիլի 24-ին կայացած միջոցառումն ու Աղթամարի Սուրբ Խաչի բացումը: