Հանրապետական կուսակցությունում վերադասավորումները ընդամենը վարագույր են: Մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի ընտրական ցուցակում տեղ են գտել այնպիսի անախորժ դեմքեր, ինչպիսին են Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը: «Հանրապետական կուսակցությունը PR-ի լավ մասմագետների է վարձել եւ փորձում է Կարեն Կարապետյանին այնպես ներկայացնել՝ ասես նա իրենց հետ ոչ մի կապ չունի: Նրանք վախենում են ասել, որ այս մարդը առնվազն 2018 թվականից այլեւս չի կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ նա Հայաստանում մշտապես ապրելու հետ կապված խնդիր ունի: Երբ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ զրուցում եմ, մարդիկ զարմացած հարցնում են. «Մի՞թե Սամվել Ալեքսանյանը Հանրապետական կուսակցությունից է»: Այսինքն՝ ՀՀԿ-ի անունն այնքան հեղինակազուրկ է, որ նրանք փորձում են քարոզչությունն այսկերպ տանել»,- նշեց Հարությունյանը:



























