ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանրապետությունում ստեղծել է հուսահատության մթնոլորտ, հուսահատության ճահիճ, որը համակել է Հայաստանին եւ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունները խնդիր են դրել խորացնել հուսահատության մթնոլորտը՝ իրենց իշխանությունը բարեհաջող շարունակելու համար. «Այդ հուսահատության քաղաքականության շարունակություն եմ համարում այն, որ ՀՀԿ-ն պատգամավորի թեկնածու է առաջադրել մի շարք մարդկանց, որոնց կարելի է անվանել «լռության ուխտավորներ»: Նրանք այն մարդիկ են, որոնք վերջին 5 տարում, գուցե ավելի վաղուցվանից, ԱԺ պատգամավոր լինելով մի ծպտուն չեն հանել: Այդ պատգամավորության թեկնածուներն են, օրինակ, Առաքել Մովսիսյանը՝ Արմավիրի մարզից, Սամվել Ալեքսանյանը՝ Մալաթիա-Սեբաստիայից, Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից, Արտակ Սարգսյանը՝ Արաբկիրից: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել»:

Նա դիմեց թաղամասի բնակիչներից՝ ասելով. «Դուք բոլորդ պետք է մերժեք լռության ուխտավորների աստղաբույլին եւ նրանց կուսակցությանը: ԱԺ-ն լռելու տեղ չէ, ԱԺ-ն մի տեղ է, որտեղ պետք է բարձրաձայնվեն ժողովրդի խնդիրները»: