Առաջիկա 1-2 ամիսներին Հայաստան կտան 2-3 հնարավոր ներդրողներ Ֆրանսիայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով Ֆրանսիա հայկական պաշտոնական պատվիրակության այցի արդյունքները:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում հանդիպել է ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ նախարարի՝ այդ հանդիպումից հետո 15 ընկերությունների ներկայացուցիչներ իր հետ անձնական հանդիպման ցանկություն են հայտնել: Գործարարներն ուզում են ուսումնասիրել Հայաստանում աշխատանքի հնարավորությունները: Իսկ 2-3 ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվել են առաջիկա 1-2 ամիսներին Հայաստան գալ եւ տեղում ուսումնասիրել ներդրումների եւ արտադրություն հիմնելու հնարավորությունը:
«Դրանք սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ են»,- նշեց նախարարը:




























