Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի նրա փոխարեն` կգնայի նրա շտաբ։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով փաստին, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հրազդանում քարոզարշավի ժամանակ այցելել է նաեւ իր նախընտրական շտաբ:
«Մենք երկար ճանապարհ ենք անցել ու չենք կարող ջնջել այդ ուղին։ Իմ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղային տարել են բանակ ու Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել նրա հանդեպ։ Մենք քաղաքական դաշտում չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտրություններից հետո այլ ուժերի հետ միավորվելուն, Միքայելյանն ասաց, որ կողմ է միավորմանը. «Եթե կլինեն ուժեր, որոնք կուզեն, որ իշխանափոխություն լինի, հնարավոր է, «Ելք»–ը երբեք արգելք չի դառնա ՀՀ–ում՝ իշխանափոխությանը։ Ընտրություններից հետո «Ելք»–ը կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսևորեն քարոզարշավի ընթացքում։ Առայժմ ես ոչ մի կանոն չեմ կարող տալ, բայց եթե պարզ կլինի որ իրենց նպատակը երկրում դրությունը փոխելն է, պետք է միանանաք»:
Սասուն Միքայելյանը ողջունեց նաեւ այն ուժերին, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, սակայն այսօր ընդդիմանում են իշխանություններին: «Ես մեզ եմ տեսնում որպես ընդդիմություն: Նոր չենք եկել բան ասելու, սկզբից էլ ասել ենք: Իսկ ուժեր կան, որոնք իշխանական թեւ են կազմել, կամ նոր են մտել քաղաքական դաշտ, ես հասկանում եմ, որ երկրում ծանր վիճակ է, ողջունում եմ նրանց, որովհետեւ ոչ մի ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել: Իշխանությունն էլ պետք է հասկանա, որ երկրում վիճակը ծանր է եւ զիջի իշխանությունը»:




























