«Ելք» դաշինքը բացառում է ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ ինքը կողմնակից է քաղաքական ուժերի միավորմանն ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրություններից հետո:

«Ես համագործակցության հնարավորություն տեսնում եմ այն ուժերի հետ, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում ցույց կտան, թե ուր են գնում եւ ինչ են ուզում անել մեր ժողովրդի համար: Առայժմ չեմ կարող որեւէ կուսակցություն նշել, բայց անձամբ ես եւ մենք բոլորս, իրադարձությունների համապատասխան զարգացման դեպքում, պատրաստ ենք միավորման»,- նշեց Միքայելյանը: