Ընտրությունները հերթական հնարավորությունն է օրինական ձեւով իշխանափոխության հասնելու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Վարդան Օսկանյանը, որը  «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղում է:

 «Ես վախենում եմ, որ դուք վախենաք այս ընտրություններից, ընտրությունների գնալու, ձեր ազատ կամքը դրսեւորելու: Պետք է այդ վախը հանեք, գնաք վստահ քվերակեք, ձեր խղճի կամքը դրսեւորեք, փող մի վերցրեք: Մեր թոռների, երեխաների ապագան եկեք չծախենք: Մենք հայցում ենք ձեր քվեն, ձեր աջակցությունը»,-ասել է նա:

Վարդան Օսկանյանը նշեց, որ իշխանություններն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի վիճակի չեն Հայաստանում ինչ-որ բան փոխելու:

«Արդար իշխանությունների դեպքում դուք հնարավորություն կունենաք բարձր աշխատավարձ ունենալու, թող ոչ ոք չփորձի ձեզ համոզել, որ այս իրավիճակը, որում մենք ապրում ենք օբյեկտիվ պատճառների արդյունք է՝ փոքր երկիր ենք, ռեսուրս չունենք, շրջափակման մեջ ենք, դրանք իշխանությունների ալիբին է, իրենց անգործության արդարցումն է»,-ասել է նա: