«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանի կարծիքով ժողովրդի զենքը ամուր տնտեսություն ունենալն է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

«Ես եւ մեր թիմը որոշել ենք առանձին քաղաքական ուժի տեսքով հանդես գալ, դուրս գալ պաշտպանության նախարարությունից եւ ամուր թիկունք կառուցել: Ամուր թիկունք կառուցելու համար պետք է ժողովրդի ձեռքին զենք տալ, որն այս դեպքում ամուր տնտեսությունն է, այդ պատճառով մեր տնտեսությունը պետք է դրվի ամուր հենքի վրա»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, Հայաստանում տնտեսության ցածր մակարդակը, կոռուպցիոն ռիսկերը, անարդարությունները, դատաիրավական համակարգի ոչ անկախ լինելը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները չեն հասել գործուն վիճակի:

«Չեմ ասում, որ դրական բաներ չեն եղել, ամենամեծ արժեքը ազատ, անկախ ապրելն է Հայաստանում, որն ունենք այսօր»,-ասել է նա: