ՀՀԿ-ն պատգամավորության այնպիսի թեկնածուների է առաջադրել, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից: Այս մասին այսօր` մարտի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` հուսահատության ճգնաժամի եւ քաղաքականության անբաժանելի մասն է նաեւ այն, որ Հանրապետական կուսակցությունը այս ընտրություններում առաջադրել է պատգամավորության այնպիսի թեկնածուների, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից. «Եվ հիմա այդ մարդիկ նորից ուզում են դառնալ ԱԺ պատգամավոր` լռության իրենց ստարժը եւս 5 տարով ավելացնելու համար, բայց Ազգային ժողովը լռելու տեղ չէ»:
Քարոզարշավին պատուհանից հետեւող մի կին հետաքրքրվել է, թե արդյոք «Նիկոլը» նրանց հետ է: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է. «Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա»:
Ի դեպ, այդ կինը ընդհանրապես սխալ էր հասկացել, թե ովքեր են քարոզարշավ իրականացնողները։ Սկզբում նա հանդիմանում էր Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության քարոզն անելու համար. «Ամոթ չե՞ք անում, Սերժին եք գովում: Գետինը մտեք»:



























