Շուրջ մեկուկես տարի հետախուզման մեջ գտնվող եւ երեկ երեկոյան ազատ արձակված ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին են այցելել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ այլոք:
Խաչատուր Սուքիասյանը երեկ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դա անել առաջիկայում:
Ի դեպ, ՀՀ դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոցը փոխելիս հաշվի է առել նրա՝ ինքնակամ ներկայանալու փաստը: «Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Խ.Սուքիասյանը ազատ է արձակվել»,- ասված է հայտարարության մեջ: Ի դեպ, նախաքննական մարմինը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեպքում հաշվի չէր առել նրա ինքնակամ ներկայանալու փաստը:




























