Հայաստանում մի քանի նոր դեղամիջոցներ են սինթեզել, եւ պետությունը պետք է օգնի արտադրել դրանք: Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ ԳԱԱ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն արդեն շուրջ մեկ տասնյակ դեղամիջոցներ է սինթեզել, որոնք միայն կլինիկական փորձարկում պետք է անցնեն: Բայց դրա համար անհրաժեշտ գումար ինստիտուտը չունի:
«Արդյունքում այն արտահանում են Բելառուս, որտեղ պարզապես լցնում են պարկուճների մեջ եւ տասնյակ անգամ թանկ վաճառում»,- նշեց Սաֆարյանը: Ըստ նրա՝ այստեղից կարելի է պարզ եզրակացություն անել. պետությունը պետք է աջակցի դեղագործներին՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:



























