ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 14-ին ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը՝ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցադրության բացման արարողությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը ներկա էին Վաշինգտոնում հավատարմագրված Ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ ու արվեստագետներ:
ՀՀ դեսպանությունն առաջին անգամ է մասնակցում ավանդական այս փառատոնին, որը դարձել է Վաշինգտոնի դիվանագիտական ու մշակութային կյանքի կարևորագույն միջոցառումներից մեկը:
Համաշխարհային համբավ վայելող արվեստագետի գործերի ցուցադրությունը կրում է «Երկու աշխարհների լավագույնը» խորագիրը` խորհրդանշելով հայկական մշակույթն ու ֆրանսիական սյուրռեալիզմի դպրոցը, որոնք Ժան Կազանջյանի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:
Ներկաներին ողջունեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը, ով խոսեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի շրջանակներում նախատեսվող այլ միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնի «La Grande Fete» եզրափակիչ արարողությանը հայկական տաղավար ներկայացնելու վերաբերյալ: Նա նաև ներկաներին հիշեցրեց հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին:
Իրենց ուղերձը հղեցին նաև Ժան Կազանջյանը ու անվանի արվեստագետ ու քննադատ Քրիստին Արժիլեն:
Նշենք, որ ցուցահանդեսը հանրության համար բաց է լինելու մեկ ամիս` Ֆրանկոֆոնիայի փառատոնի ողջ ընթացքում:



























