ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։
Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ եւ սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։
Նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր գրություններ է ուղարկել նաեւ ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա.Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու եւ բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։
Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվող քննչական գործողությունների եւ դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ բժշկական կենտրոնում Ա.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ Ա.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



























