Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիմպմանն այսօր` մարտի 19-ին, ընտրողները բարձրաձայնեցին բնակարանային խնդիրը: Ստեփանավանցիների խոսքով, երկրաշարժից հետո շատերն են կորցրել իրենց տները, բնակարանները եւ մինչեւ այժմ կանգնած են սեփական տանիք չունենալու խնդրի առջեւ: Վարչապետը ստեփանավանցիների բարձրացրած հարցին հստակ պատասխան չտվեց` նշելով, որ դրա լուծումը կապված է համայնքի զարգացման հնգամյա ծրագրից:
«Կոնկրետ ժամկետ, թե երբ կլուծվի այդ հարցը` պատրաստ չեմ ասել: Մեր երկիրը սկսելու է զարգանալ, երբ մենք գնանք համայնքային կառավարման գաղափարախոսությունը փոխելով, դա հենց համայնքի հինգ տարվա զարգացման ծրագիրն է: Էլի եմ ասում` Երեւանում չկա այնպիսի խելացի մարդ, որ Ստեփանավանի խնդիրները ձեզնից լավ իմանա, այլ բան է, որ երեւանցին ձեր ներկայացրած խնդիրներին մի քիչ բանտիկ կապի, ֆեն անի, ասի, որ սենց չի աշխատի, այս սենց պիտի անես, որ աշխատի: Դրա համար ծանոթացեք ձեր համայնքի զարգացման ծրագրին, տեսեք` արդյոք այդ խնդիրները ներառված են, թե ոչ»,-ասաց նա:
Վարչապետը նաեւ նշեց, որ ապրիլի երկուսը` խորհրդարանական ընտրությունների օրը, կարեւոր օր է բոլորի համար եւ կոչ արեց բոլորին գնալ ընտրության:




























