Մեզ կտրուկ և կոշտ փոփոխություններ են պետք, մեզ պետք չեն էվոլյուցիոն զարգացման տեմպերը:  Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Աջափնյակ վարչական շրջանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է  դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը աջափնյակցիներին ներկայացրեց դաշինքի ծրագրերը եւ խոստովանեց, որ իր համակիրներից եւ ընկերներից շատերը խորհուրդ են տալիս չմտնել քաղաքական պայքարի մեջ, քանի որ գուցե չհասնի իր նպատակին եւ կորցնի իր արժանապատվությունը:

«Ես նոր եմ մտնում քաղաքական կյանք՝ չնայած նրան, որ երկար տարիներ զբաղվել եմ պաշտպանական քաղաքականությամբ: Սահմանադրորեն մեզ վերաբերվող իրավունքով մենք դաշինքով որոշել ենք ապրիլի 2-ին հայտ ներկայացնել այս երկիրը փոխելու եւ առաջ տանելու համար:

Ինձ շատերն ասում են՝ ինչու է քեզ պետք, չես հասնի քո նպատակին եւ կկորցնես քո արժանապատվությունը: Միթե արժանապատվության կորուստ է, երբ գտնվում ես քո ժողովրդի կողքին: Մեր դաշինքը խոսք է տալիս, գտնվելով ժողովրդի մեջ, ստանձնելով ժողովրդի պատասխանատվությունը, ընտրություններից հետո իշխանությունը տալ ժողովրդին: Գտնվելով իշխանության ղեկին, մենք մեր համար գերագույն գխավոր հրամանատար ենք ընտրելու մեր ժովորդին: Իրադրությունը գնահատելով, լսելով յուրաքանչյուր քաղաքացու միտքը, գալիս ենք այն եզրակացության, որ փոփոխությունները անհրաժեշտություն են այսօր: 25 տարիների ընթացքում էապես չենք փոխել մեր երկիրը, չենք ուրանում նաեւ, որ որոշակի փոփոխություններ եղել են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Աջափնյակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ՕՐՕ դաշինքի հետ ներկա էր նաեւ ազատամարտիկ, ապարանցի Վլեն, ով սրտնեղել էր, երբ Արմեն Մարտիրոսյանը Սեյրան Օհանյանին ներկայացրեց որպես ազգի հերոս՝ անցյալ ժամանակով: Արմեն Մարտիրոսյանի սխալն ուղղելու համար ազտամարտիկը բարձրացավ ելույթների համար նախատեսված հարթակ եւ ասաց.  «Սեյրան Օհանյանը ազգային հերոս չէր, նա հիմա էլ ազգային հերոս է: Ազգային հերոսի կոչումը ինչ-որ երկրի նախագահ չի տալիս, այլ ժողովուրդն է տալիս: Ինձ համար այսօրվա դրությամբ զորավարներ եղել են Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Իվանիչ Կոմանդոսը: Նրանք ոչ միայն եղել են, այլ կան ու մնալու են հերոսներ: Ես լավ ճանաչում եմ Սեյրան Օհանյանին, քանի որ նա եղել է իմ մարտական լավ ընկերը, իմ ախպերը: Եթե չլիներ Սեյրան Օհանյանը, մենք այսօր 29 հազար քմ տարածությունը չէինք կարող դարձնել 42 հազար քմ»- ասաց ազատամարտիկը: