Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն առաջարկում է զանգվածաբար հեռացնել իշխանության գործող համակարգերի «իրենց արատավորած» ներկայացուցիչներին:

Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսում Բագրատյանը հայտարարեց բոլոր դատավորներին հեռացնելու, շատ համակարգերի աշխատակազմի կեսին փոխելու անհրաժեշտության մասին: Բագրատյանն առաջարկում է աշխատանքի ընդունել մինչեւ 25 տարեկան մարդկանց: Թող փորձ չունենան, դրա փոխարեն արատավորված չեն լինի: Բագրատյանը, իմիջիայլոց, քննադատեց կրթական համակարգը, խոստացավ հեռացնել բանակի հրամանատարությանը, բոլորին «պատվավոր հանգստի» ուղարկել, պետանվտանգության ղեկավարությանը, որը հետեւում է սեփական քաղաքացիներին, ոստիկանության ամբողջ ղեկավարությանը: «Երկիրը բուժման կարիք ունի: Երկիրը հիվանդ է քաղցկեղով, բայց, բարեբախտաբար, այնպիսի, որը դեռեւս հնարավոր է բուժել»,- զայրացած հայտարարեց Բագրատյանը:

Ժողովրդի ընտրյալը հատուկ ուշադրություն դարձրեց խաղատների եւ գիշերային ակումբների խնդրին: Խնդրի լուծման համար նա առաջարկեց Երեւանին մոտ շրջան առանձնացնել, այնտեղ ուղարկել սթրիպթիզ ակումբները, կարգավորել հնագույն մասնագիտության ներկայացուցիչների գործունեությունը: Նա ինքը կենտրոնում է բնակվում եւ քանիցս դանակահարությունների ականատես է դարձել, հայտնեց Բագրատյանը: Պատգամավորի թեկնածուն այնուհետեւ ավելի հեռու գնաց, եւ ի պատասխան թմրանյութերի օրինականացման հարցին հայտարարեց, որ թեման ուսումնասիրման կարիք ունի: