Ընտրությունները բոյկոտողները ընդդիմության եւ մասնավորապես «Ելք» դաշինքի պոտենցիալ ընտրողներ են, իսկ ՀՀԿ-ի ընտրողները, որոնք իսկապես իրենց համոզմամբ ընտրելու են ՀՀԿ-ին, ապա նրանք կգնան ընտրության: Այս մասին, Facebook-ում օնլայն ռեժիմով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու գաղափարին:
Նրա խոսքով, Հայաստանի ընտրական համակարգով եւ «Ընտրական օրենսդրությամբ» ընտրությունների քվորում հասկացություն չկա. «Այսինքն «Ընտրական օրենսգիրքը» չի սահմանում այն նվազագույնը՝ այսքան ընտրողների թիվ, օրինակ, 25 տոկոս կամ 50 տոկոս պետք է ներկայանա, որպեսզի ընտրությունները համարվեն կայացած: Մեր օրենսդրությամբ` ընտրությունները կայացած են համարվում ընտրողների ցանկացած թվաքանակի մասնակցության դեպքում»:
Փաշինյանը համոզված է, որ նրանք, որոնք պոտենցիալ բոյկոտողներ են, նրանք պոտենցիալ ընդդիմությանը ընտրողներ են: «Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք բոյկոտել, նշանակում է, որ նրանք, որոնք կարող են քվեարկել ընդդիմության օգտին, «Ելք» դաշինքի օգտին, նրանք թող չգնան ընտրություներին, իսկ ՀՀԿ-ն, մյուսները, ովքեր փողի եւ լծակների են տիրապետում եւ իրենց ընտրողները հիմնականում լծակով գնացող ըտրողներ են, նրանք կգնան եւ ընտրությունները կկատարեն»,- ասաց «Ելք»-ի թեկածուն՝ նկատելով, որ այդ դեպքում ընտրությունների արդյունքում կձեւավորվի 100 տոկոսին մոտ ձգտող ՀՀԿ-ական մեծամասնություն:
«Մենք ընդհանրապես դեմ չենք եւ էլի ուզում եմ ասեմ, որ մեր ծրագրերում ամենեւին չի շրջանցվում հրապարակային պրոցեսների եւ թավշյա հեղափոխության սցենարը, բայց մենք պետք է դրա համար լիազորություն ունենանք ժողովրդի անունից խոսելու իշխանությունը, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով կոչերին, որ պետք է բոյկոտել ընտրությունները եւ հեղափոխություն իրականացնել Հայաստանում, Փաշինյանն ասաց. «Եթե մարդը պատրաստ չէ գնալ եւ ընտրություններում քվեարկել եւ, օրինակ, հաղթահարել իրենց քուչի հեղինակության թարս հայացքը, էդ ոնց է նա գալու հրապարակ ու հեղափոխություն անելու»:




























