«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ընտրություններից հետո կոալիցիայի հնարավորությունը չի բացառում:

Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչը հիշեցրեց, որ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ է հնարավոր: Առաջին տարբերակով մեծամասնություն կազմած քաղաքական ուժը կառավարությունն ինքնուրույն է ձեւավորում: Հակառակ դեպքում հնարավոր է կոալիցիայի տարբերակը: Ի պատասխան հարցին՝ «Ծառուկյան» դաշինքն ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի, Զուրաբյանը չհստակեցրեց, փոխարենն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմվի: «Մյուսների վերաբերյալ հարցը քննարկվում է»,- նշեց Զուրաբյանը: Ըստ որում՝ նա կանխատեսեց, որ նախընտրական արշավին մասնակցող 3-4 քաղաքական ուժեր խորհրդարանում ներկայացված չեն լինի: Սակայն թե որ ուժերը՝ չնշեց, որ չմեղադրվի հակաքարոզչության համար:

Ապագա կառավարության ձեւավորման վերաբերյալ Զուրաբյանը հայտարարեց, որ ինքը դաշինքում նոր մարդ է, եւ անուններ տալու պատասխանատվություն չի ստանձնի: «Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ տեսակետը ես կներկայացնեմ»,- հավաստիացրեց Զուրաբյանը՝ հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանն իրենով արդեն հետաքրքրվել է, ինչին ինքը պատասխանել է, որ քննարկելու ժամանակը դեռ չի եկել: Նախագահի պաշտոնի առնչությամբ Զուրաբյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո Հայաստանի նախագահի ինստիտուտն այնպիսին է, որ նույնիսկ կարեւոր չէ, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, քանի որ այն ավելի շուտ ներկայացուցչական կլինի: Եվ հարցին պատասխանելուց, այնուամենայնիվ, խուսափեց:

Ի պատասխան այն հարցին՝ ինչո՞ւ է ինքն ընդհանրապես հայտնվել «Ծառուկյան» դաշինքում, Արարատ Զուրաբյանն ուղեւորվեց դեպի իր քաղաքական գործունեության ակունքները՝ ցավալիորեն տեղեկացնելով, որ քաղաքական գործունեությունն անշնորհակալ զբաղմունք է: «Եթե դու սկզբունքային ես, քեզ մշտապես հետապնդում են: Եթե ամուր ես, ինքդ քո մեջ, միեւնույն է, գիտես, թե ինչ ապրումներ ունես»,- անկեղծացավ Զուրաբյանը: Երկարատեւ բացատրություններից հետո, այնուամենայնիվ, պարզվեց, որ Զուրաբյանին «Ծառուկյան» դաշինքը գրավել է գաղափարախոսական պատկերացումներով: «Եթե ամեն ինչ այլ կերպ ընթանա, ինչպես ես եմ պատկերացնում, ես անմիջապես մանդատը վայր կդնեմ: Դա ինձ համար ինքնանպատակ չէ»,- պաթոսով հայտարարեց Զուրաբյանը: Հիշեցմանը, թե ինքը դեռեւս մանդատ չունի, Արարատ Զուրաբյանը նկատեց՝ «իսկ դուք կասկածում եք»: