Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից 17-ամյա Արայիկ, 26-ամյա Հակոբ եւ 53-ամյա Մելիք Մելքոնյանները ապաքինվել են եւ մի քանի օր առաջ դուրս են գրվել հիվանդանոցից:
17-ամյա Արայիկ Մելքոնյանի մոտ առկա է ծղիկոսկրի կոտրվածք, 26-ամյա Հակոբ Մելքոնյանի մոտ՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ձախ քունքային շրջանի պատռված վերք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանի մոտ՝ ձախ եւ աջ նստատեղերի կտրած-ծակած վերք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով, մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:



























