Չհուսահատվեք ժողովուրդ ջան, դուխներդ տեղը, որովհետեւ ելք կա: Այսօր՝ մարտի 20-ին, Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում իրականացվող քայլերթի ժամանակ նման կոչով աբովյանցիներին դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Ելք» դաշինքի ցուցակի առաջին հնգյակում ներառված ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը դաշինքի անդամների եւ մի խումբ համակիրների հետ պաստառներ ու բուկլետներ բաժանելով եւ դաշինքի կարգախոսը բարձախոսով քարոզելով շրջեցին Աբովյան քաղաքի փողոցներով, բակերով:
Ինչպես Երեւանում, Աբովյանում եւս Նիկոլ Փաշինյանը անտարբեր չէր անցնում ավտոտնակի տանիքների, բարձր հարթակների կողքով՝ բարձրանալով եւ կոչ անելով աբովյանցիներին «դուխով» քվեարկել իրենց դաշինքի օգտին:
Բակերից մեկում գտնվող ավտոտնակի տանիք բարձրանալիս աբովյանցի պապիկներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց՝ «ձեր դաշինքը լավ կուսակցություն ա»: Նիկոլ Փաշինյանն էլ ժպիտով խորհուրդ տվեց անպայման քվեարկել իրենց դաշինքի օգտին:
Աբովյանի բակերում այս անգամ քարոզն իրականացնում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն նրան չէր հաջողվում աբովյանցիներին քնից արթնացնել եւ մոտեցնել պատուհաններին: Մի քանի անգամ աբովյանցիներին դիմելուց հետոո, Էդմոն Մարուքյանը սրտնեղեց, որ իրեն արձագանքողներ չկան՝ «շատ անտարբեր են»: Նիկոլ Փաշինյանն էլ կես կատակ, կես լուրջ ասաց՝ «Տուր ես կանչեմ ժողովրդին, տես ոնց են դուրս գալիս»:
«Ժողովուրդ ջան, մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն ունեք: Եվ այդ քաղաքական իրավիճակը փոխելու համար դուք պետք է գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք«Ելք» դաշինքի օգտին: «Ելք» դաշինքը ձեւավորվել է ձեր պահանջներին համապատասխան: Դուք «Ելք» դաշինքից պահանջել եք հաղթահարել հակասություններն ու համագործակցության հիմքեր դնել: Այսօր մենք նաեւ ձեր հորդորով միավորվել ենք Հայաստանում Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի ստեղծած հուսահատության փոսից ձեզ ելք առաջարկելու համար: Մենք հստակ ասում ենք, որ միակ ելքը միայն «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով է, որովհետեւ «Ելք» դաշինքն այն միակ ուժն է, որն ուղնուծուծով, բովանդակությամբ եւ էությամբ տարբերվում է Հայաստանում գործող քաղաքական ուժերից: Եվ մենք ասում ենք, որ Հայաստանի հուսահատ էջը փակելու եւ նոր էջ բացելու հնարավորություն ենք տալիս ձեզ: Իսկ դուք կարող է եւ պետք է օգտվեք այդ հնարավորությունից: Հայաստանի հպարտ քաղաքացիներ, աբոովյանցիներ, ապրիլի երկուսին, գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներից «պահանջեց» այսուհետ բոլոր բակերում քաղաքացիներին ծափահարել:
Նշենք, որ «Ելք» դաշինքի բակային քարոզարշավին հետեւում էին Աբովյան քաղաքի ոստիկանները՝ մի քանի մետր հետ ընկնելով քաղաքական ուժի խմբից:


































