Դե մեզ չքաշեք, մենք էլ ձեզ չենք քաշի: Այսօր՝ մարտի 20-ին, Աբովյանում քայլերթի ժամանակ աբովյանցիներին այս խորհուրդը տվեց «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ շենքերի բակերով, փողոցներով շրջելիս քաղաքացիների արձագանքը «Ելք» դաշինքի եւ նրանց քարոզարշավի նկատմամբ տարբեր էր:

Բակերից մեկում հավաքված ծերերին մոտենալիս դաշինքի թեկնածու Արամ Սարգսյանը կատակեց՝ «Ոնց եք ժողովուրդ ջան, արեւին նստե՞լ եք… Եկել ենք ասենք, որ ելք կա»: «Հա՞… բարով եք եկել»,- հարցական հայացքով hետաքրքրվեց պապիներից մեկը՝ չհասկանալով ով է եւ ինչի մասին է խոսքը:

Նիկոլ Փաշինյանն անմիջապես միջամտեց. «Ամենակարեւորն այն է, որ ուր գնում ենք, ասում են՝ բարով եք եկել: Ինչքան մարդ մեզ ասում է՝ ձեզ ենք ձայն տալու, ու եթե վստահ մեզ ձայն տան, ուրեմն մենք այս ընտրություններում հաղթում ենք: Հիմա, օրինակ, դուք մեզ եք ձայն տալո՞ւ, թե՞ ուղղակի ասում եք՝ մեր հետեւից էլ, թե բա՝ լավ դե, ֆռռցրինք, ճամփու դրինք…»: Պապիկներից մեկն արձագանքեց, թե այդքան հավաքվածների մեջ՝ ինչպե՞ս կարող են «ոչ» ասել պատգամավորին. «Կտանք ձեզ ձայն, ո՞նց չենք տա: Չենք կարող ասել՝ չէ՛, այսքան ժողովրդի մեջ ո՞նց ասենք չենք տալու»:

Մինչ Նիկոլ Փաշինյանի թիմը աբովյանցիներին բարձրախոսով կհուսադրեր, որ ելք կա, բնակչուհիներից մեկը հուսահատ  դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Էհ, ազիզ  ջան, 30 տարի աշխատել ենք, 40 հազար թոշակ չենք ստանում: Էլ ինչ ելք»:

Բակերից մեկում Նիկոլ Փաշինյանին մեծ ոգեւորությամբ ընդունեցին՝ պատուհանից կախված աբովյանցի ընտանիքներից մեկը ծափերով ուղեկցեց դաշինքի անդամներին: Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով իրեն հետեւող խմբին նկատեց՝ «մի հատ ծափերին, ծափերով արձագանքեք: Դուք էլ հզոր մնացեք քաղաքացիներ ջան»: Մեկ այլ բնակիչ էլ պատուհանից տեսնելով Արամ Սարգսյանին, իջավ բակ եւ հրավիրեց իր տուն սուրճ խմելու, սակայն Արամ Սարգսյանը մերժեց. «Այսքանով ինչպես կտեղավորվենք ձեր բնակարանում: Շնորհակալ ենք»: