Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից ու Սաուդյան Արաբիայից Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների ժամանակ մտադիր է արգելել էլեկտրոնային սարքերի մեծ մասը օդանավ բարձրացնելը, հայտնում է BBC-ն։
Արգելքը վերաբերելու է խոշոր գաջետներին, այլ ոչ թե սմարթֆոններին։ Բրիտանական իշխանությունները վախենում են, որ ավելի խոշոր սարքերում, այդ թվում պլանշետներում ու նվագարկիչներում հնարավոր է պայթուցիկ սարք թաքցնել։
Նման գաջետներ օդանավ բարձրացնելը կարգելվի British Airways, EasyJet, Jet2.com, Monarch, Thomas Cook եւ Thomson բրիտանական ավիաընկերություններով վերանշյալ պետություններից իրականացվող չվերթների ուղեւորներին։
Բայց արգելքը կտարածվի նաեւ հենց այդ երկրների ավիափոխադրողների վրա, որոնց չվերթները բրիտանական իշխանություններին պոտենցիալ վտանգավոր են թվում։ Խոսքը Turkish Airlines, Pegasus Airways, Atlas-Global Airlines, Middle East Airlines, Egyptair, Royal Jordanian, Tunis Air, Saudia ընկերությունների մասին է։
Մինչ այդ անվտանգության նույնատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաեւ ԱՄՆ-ում։ Այնտեղ արգելել են ձեռքի ուղեբեռում օդանավ բարձրացնել նոութբուքներ ու պլանշետներ։ Արգելքը տարածվում է մուսուլմանական ութ երկրներից ժամանող չվերթների վրա։




























