ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է, որ մարտի 27-ին Կոնգոյում հայտնաբերված մարդկային աճյունները պատկանում էին ՄԱԿ-ի անհետացած աշխատակիցներ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Շարփին ու Շվեդիայի հպատակ Զեյդա Կատալանին։ Լրատվամիջոցների տվյալներով, Զեյդա Կատալանը գլխատված է եղել։
Զոհված աշխատակիցները եղել են Կոնգոյի հարցերով փորձագիտական խմբի անդամներ, որը ՄԱԿ ԱԽ-ն էր ստեղծել 2004-ին։ «Մայքլն ու Զեյդան զոհվել են, երբ փորձում էին գտնել հակամարտության ու անկայունության պատճառները Կոնգոյում, որպեսզի խաղաղություն բերեին այդ երկրին։ Մենք կհարգենք նրանց հիշատակը, շարունակելով նրանց անգնահատելի աշխատանքը»,- ասվում է ՄԱԿ ղեկավարի հայտարարության մեջ։
Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները մանրակրկիտ կհետաքննեն տեղի ունեցածը ու մեղավորներին պատասխանատվության կկանչեն։ Նա հավելել է , որ ՄԱԿ-ն էլ իր հերթին հետաքննություն կսկսի։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Կասաի նահանգում ՄԱԿ-ի աշխատակիցներից բացի առեւանգվել էին նաեւ Կոնգոյի չորս քաղաքացիներ, որոնք ուղեկցում էին նրանց։ Մեկի մարմինը գտել էին Շարփի ու Կատալանի մարմինների կողքին։




























