Անգլիայի բանկը, նոր հինգֆունտանոց թղթադրամում կենդանական ճարպի գործածման հետ կապված քննադատություններից հետո, դիտարկում է պլաստիկ 20 ֆունտանոց թղթադրամների մեջ արմավենու յուղի գործածման հնարավորությունը, հայտնում է BBC–ը։

Նոր թղթադրամը շրջանառության մեջ է դրվելու 2020-իին, սակայն դրա արտադրության տենդերը արդեն կասեցվել է, որպեսզի գտնեն կենդանական յուղի փոխարինող։

Կենդանական յուղերի շուրջ սկանդալը բորբոքվել էր տարեսկզբին, երբ պարզվել էր, որ Անգլիայի բանկը դրանք գործածել է հինգֆունտանոց թղթադրամների մեջ ու այդ փաստի մասին հանրությանը չի տեղեկացրել։

Բրիտանիայի բնակչության զգալի մասը  հնդուականներ ու սիկհեր են, որոնց արգելված է ուտել կենդանիների միս, որոշ դեպքերում էլ դիպչել դրան։ Վրդովվել էին նաեւ բուսակերները։ Չնայած 100 հազար մարդու ստորագրությամբ հանրագիրը պահանջում էր շրջանառությունից հանել այդ թղթադրամները , բայց Անգլիայի բանկը հրաժարվել էր այդ քայլից՝ խոստանալով , որ այսուհետ լրջությամբ կվերաբերի այդ հարցին։