Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի նախկին նախագահ Էդուարդ Կունյան, որը կալանավորվել էր անցած տարվա հոկտեմբերին՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով, դատապարտվել է 15 տարի ու չորս ամիս ազատազրկման։ Globo հեռուստաալիքի փոխանցմամբ, համապատասխան դատավճիռը կայացրել է դաշնային դատավոր Սերժիու Մորոն։

2015-ի դեկտեմբերին Կունյան, որը այն ժամանակ զբաղեցնում է ր ստորին պալատի խոսնակի պաշտոնը, քննարկման էր ընդունել ընդդիմության հարցումը՝ այն ժամանակվա գործող նախագահ Դիլմա Ռուսեֆին ֆինանսական խախտումների մեջ մեղադրելու մասին։ Նրա կողմից նախաձեռնված գործընթացի արդյունքում հարավամերիկյան երկրում իշխանափոխություն էր կատարվել։

Հետագայում Կունյան այդ որոշումն անվանել էր իր ամենամեծ ձեռքբերումը այդ պաշտոնում։ Նախկին նախագահն ու նրա կողմնակիցներն էլ իրենց հերթին հավաստիացնում են, որ Կունյան առաջնորդվել է բացառապես վրեժխնդրության դրդապատճառներով՝ Ռուսեֆն ու այն ժամանակվա իշխող կուսակցությունը հրաժարվել էին աջակցել Կունյային էթիկայի խորհրդարանական խորհրդի ժամանակ, որտեղ նրա դեմ հակակոռուպցիոն հետաքննություն էր սկսվել։