Սուեզի դատավորը ցմահ ազատազրկման է դատապարտվել ապօրինի թմրանյութեր պահելու համար: Այս մասին հայտնում է Al-Ahram պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ դատավորի պաշտոն զբաղեցնող եգիպտացին կալանավորվել է անցյալ տարվա նոյեմբերին, երբ նրա մեքենայի մեջ 68 կգ մարիխուանա է հայտնաբերվել: Նրա մեքենան կանգնեցվել է Սուեզի ջրանցքի տակով անցնող Ահմեդ Համդիի թունելի մուտքի մոտ սովորական ստուգման համար: Թմրազանգվածի արժեքը կազմում է 1,5 մլն եգիպտական ֆունտ (մոտ 90 հազար դոլար):

Դատավորի հետ միասին կալանավորվել են նաեւ մեքենայի վարորդը եւ կին ուղեւորը, որը եվրոպական երկրներից է, որի անունը չի հաղորդվում: Նրանք դատապարտվել են 10 տարվա բանտարկության:

Դատավճիռը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Եգիպտական օրենսդրության համաձայն՝ ցմահ ազատազրկումը համապատասխանում է 25 տարվա բանտարկությանը: Միջադեպից անմիջապես հետո Եգիպտոսի արդարադատության նախարարի հրամանով դատավորը պաշտոնանկ է արվել:

Եգիպտոսում հաշիշն արգելված է 1925 թվականից, երբ երկիրը միացել է Ժնեւի Ափիոնի մասին միջազգային կոնվենցիային: Այդ ժամանակ հենց Եգիպտոսն է եղել հաշիշի վաճառքի արգելքի սահմանման նախաձեռնողը: