Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ազատ է արձակել այն 12 մարդկանց, որոնք կալանավորվել էին մարտի 22-ին լոնդոնում ահաբեկչական հարձակման հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հայտարարությունը:

«Բոլորը, ովքեր կալանավորվել էին մարտի 22-ին Վեսթմինսթերի մոտ ահաբեկչության հարձակման հետ կապված, ներկայումս ազատ են արձակվել՝ առանց հետեւող գործողությունների»,- նշված է հայտարարության մեջ:

Վերջին ազատվածը 30 տարեկան տղամարդ է, ում կալանավորել էին մարտի 26-ին Բիրմինգեմում՝ ահաբեկչական հարձակման նախապատրաստման կասկածանքով:

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակում է իրագործվել, որը բրիտանական ոստիկանությունը ահաբեկչություն է որակել: Հարձակվողը՝ Հալիդ Մասուդը, նախ Վեսթմինսթերյան կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա խորհրդարանի շենքի մոտ դանակով զինված հարձակվել է ոստիկանների վրա: Ահաբեկչության հետեւանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակվողը: Մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել:

Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն ոստիկանությանն առայժմ չի հաջողվել պարզել Մասուդի եւ ԻՊ-ի կապերը: