Ոստիկանությունը հայտնել է, որ Ստոկհոլմում ահաբեկչության հետեւանքով չորս մարդ է զոհվել, կասկածյալներից մեկը ձերբակալված է, հայտնում է շվեդական SVT հեռուստաընկերությունը։

«Չոր մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել, ձերբակալվել է մեկ մարդ, որին կասկածում են հանցագործության հետ կապ ունենալու մեջ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Լարս Բիսթրեմը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի ցերեկը բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում զբոսնող մարդկանց բազմության մեջ ու կանգ առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։ Շվեդական Spendrups ընկերությունը հայտնել է, որ այդ բեռնատարը ավելի վաղ առեւանգվել էր անհայտ հանցագործի կողմից։ Բեռնատարի վարորդին ձերբակալել են։

Ոստիկանությունը կարգադրել է տարհանել Ստոկհոլմի կենտրոնական կայարանը, դադարեցված է երկաթգծային երթեւեկությունը, քաղաքային մետրոն փակվել է։ Քաղաքի կենտրոնը հսկողության տակ է։

Շվեդիայի վարչապետի խոսքով բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։