ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՓԳՀԳ) Եվրամիության երկրներին կոչ է արել կասեցնել Հունգարիա ապաստան հայցողների փոխանցման կամ վերադարձի մասին բոլոր որոշումները:

Գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ այդ երկրում պատերազմից եւ բռնությունից փախած մարդկանց տեղավորում են փշալարերով պատված տրանսպորտային կոնտեյներներում: Ապրիլի 7-ի դրությամբ նման պայմաններում 110 մարդ է պահվել, այդ թվում՝ երեխաներ:

Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել հասնել Հունգարիայում ապաստան ստանալու գործընթացի դյուրացման:

Ներկայում Հունգարիան մի շարք միջոցառումներ է ձեռնարկել որոնք սահմանափակում են ապաստան հայցողների հնարավորությունները եւ խաթարում այդ կատեգորիայի մարդկանց պաշտպանության միջազգային համակարգը:

Գերագույն հանձնակատարը Հունգարիայի իշխանություններին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ պետական կառույցների ներկայացուցիչների կողմից փախստականների եւ միգրանտների նկատմամբ բռնությունը կանխելու համար: