Երեւանի թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը հերքում է, որ նախօրեին երկու դպրոցական ինքնասպանության փորձ է կատարել, քանի որ ինքը պահանջել է տրամադրված գրքերի գումարը վճարել:

«10-րդ դասարանի այդ երեխային դասղեկն ինձ մոտ էր բերել, քանի որ վարքագիծը նորմալ չի եղել. դու-ով է խոսել, անտաշ է իրեն պահել, իսկ պատճառն այն է եղել, որ դասղեկը խնդրել է նրանից ծնողի հեռախոսահամարը, որ զանգի եւ սեպտեմբերին տրամադրված գրքերի գումարն ուզի, երեխան էլ չի տվել եւ կոպիտ է խոսել: Այդ պատճառով դասղեկը երեխային բերել է ինձ մոտ: Ես զրուցել եմ երեխայի հետ միայն նրա վարքագծի մասին, գումարի մասին խոսք չի եղել, ասել եմ՝ երկուշաբթի ծնողիդ հետ կգաս դպրոց, որ քո վարքագիծը քննենք: Սակայն երկուշաբթի, այսինքն երեկ երեխան չի եկել ծնողի հետ, ավելին, երեխան ծամոն ծամելով ինձնից պահանջեց փաստաթղթերը, քանի որ դպրոցից դուրս է գալիս: Ես նրան չեմ տվել փաստաթղթերն ու ասել եմ՝ դա կարող եմ տալ միայն ծնողին»,- NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրենը:

Ներսիկ Էլոյանի պատմելով՝ արդեն ժամը 09:30-ի սահմաններում իրեն տեղեկացրել են, որ այդ երեխան ու նրա ընկերը, որը սովորում է 11-րդ դասարանում, վնասել են իրենց ձեռքերը. «Ես անմիջապես գնացել եմ բուժկետ եւ տեսել այդ երեխաներին, որից հետո ոստիկանություն եմ հրավիրել: Երեխաներն ինքնասպանության փորձ էլ չեն կատարել, քանի որ երակները չեն վնասել, այլ ածելիով հակառակ կողմն են քերծել: Հիմա դեպքով ոստիկանությունն է զբաղվում»:

Տնօրենը նշեց նաեւ, որ այդ երեխան ավագ դպրոց է ընդունվել հիմնական դպրոցն ավարտելուց միայն երկու տարի անց:

Նշենք, որ դպրոցի տնօրենն այսօր եղել է նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունում եւ պարզաբանում ներկայացրել միջադեպի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի դպրոցներից մեկի բակում ապրիլի 10-ին արտակարգ դեպք է գրանցվել. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը  ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: