Լիբիայում բացահայտ բարգավաճում է ստրկավաճառությունը՝ հարյուրավոր երիտասարդ մարդկանց վաճառում ու գնում են հատուկ շուկաներում։ Այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ վկայակոչելով այն մարդկանց վկայությունները, որոնք հրաշքով են կարողացել խուսափել մարդկանց առեւտրի զոհ դառնալուց, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Եվ այսպես 34-ամյա սենեգալցի միգրանտը , որին հաջողվել է Լիբիայից հայրենիք վերադառնալ, պատմել է, որ իրեն՝ մի խումբ այլ փախստականների հետ միասին վաճառել էր ավտոբուսի վարորդը, որին վճարել էին մինչեւ ՄԻջերկրական ծով նրանց հասցնելու համար։ Ճանապարհին վարորդն ասել էր, որ միջնորդն իրեն չի փոխանցել գումարը, դրա համար էլ ինքը վաճառում է ուղեւորներին։ Սենեգալցու պատմությունը հաստատվում է նաեւ այլ վկայություններով, որոնք հավաքվել են Աֆրիկայում ու Եվրոպայում։ Վաճառված միգրանտներին տեղափոխում են իմպրովիզացված բանտեր, որտեղ նրանց ստիպում են անվճար աշխատել նվազագույն ուտելիքի դիմաց, այդ ընթացքում  կապվում են նրանց ազգականների հետ ու փրկագին պահանջում։

Լիբիան դեպի Եվրոպա ձգտող աֆրիկյան փախստականների ու միգրանտների գլխավոր երթուղիներից մեկն է։ Երկրում գործում են մարդկանց ապօրինաբար փոխադրողների բազմաթիվ խմբավորումներ։ Ընդ որում միգրանտներն իրենց ապօրինի կարգավիճակի պատճառով հաճախ դառնում են մարդկանց առեւտրի զոհ։