Արմավիրում մանկական խաղահրապարակի մոտ ապրիլի 2-ին նախկին կնոջ սպանելու մեջ կասկածվող Բախշի Մարտիրոսյանը նախկինում դատապարտված է եղել գողություն կատարելու համար:

Մեր տեղեկություններով, Բախշի Մարտիրոսյանը 2008թ.-ին ընկերոջ հետ «Նիրվանա» հանգստյան գոտու ռեստորանից գողացել էր շուրջ 180 հազար դրամի տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, երաժշտական կենտրոն, ջրատաքացուցիչ, հեռուստացույց հեռախոս: Բացի դրանից նրանք մուտք էին գործել Սևանի թերակղզում գտնվող «Սուրբ Կարապետ» եկեղեցի և այնտեղից գողացել շինարարական գործիքներ: Բախշի Մարտիրոսյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Մարտիրոսյանը բնակվում էր Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Թե ինչու է 37-ամյա տղամարդը սպանել նախկին կնոջը, դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 12-ին ժամը 18.15-ին հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի է զանգահարել եւ հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18.10-ի սահմաններում Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 39-ամյա Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել է:

Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախկինում դատված 37-ամյա Բախշի Մ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:

Բախշի Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: