Սարի թաղի ցույցի մասնակից, հացադուլի մեջ գտնվող Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի բուժմաս:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ այսօր Բոյաջյանին է այցելել փաստաբան Արայիկ Զալյանը: Բոյաջյանն արդեն տասը օր է՝ գտնվում է հացադուլի մեջ եւ պահվում «Նուբարաշեն» ՔԿՀ առաջին հարկում, որում տեղակայված խցերի վատ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Պաշտպանի փոխանցմամբ՝ այսօր Հրաչյա Բոյաջյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս: Վերջինս պնդում է, որ շարունակելու է հացադուլը եւ տեսակցություն է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը: