Վանաձորի բժշկական կենտրոնից ապրիլի 14-ին, ժամը 01.50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Բազումի բաժին, որ «աջ ակնագնդի թափանցող վնասվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բուժբրիգադը իրենց մոտ է տեղափոխել Վանաձորի բնակիչ՝ 41-ամյա Արա Մ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում Արա Մ.-ն իրավապահներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ապրիլի 13-ին, ժամը 20։00-ի սահմաններում՝ վայր ընկնելու հետևանքով։

Աղբյուրի տվյալներով, ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները պարզել են, որ իրականում Արա Մ.-ն վնասվածքն ստացել է իր բնակարանում վիճաբանության ժամանակ՝ նախկին կնոջ՝ 34-ամյա Ռուզաննա Հ.-ի կողմից, ով վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցնելով շերեփը՝ մի քանի անգամ հարվածել է Արա Մ.-ին։ Ոստիկանները հայտնաբերել են շերեփը, սակայն տղամարդը հրաժարվել է նախկին կնոջ դեմ հաղորդում տալուց, իսկ նախկին կինն էլ ստորագրությամբ բաց է թողնվել։