Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մաքրոնը հայտնել է, որ իր «քաղաքական հակառակորդները» կարող են կեղծ տեղեկություններ տարածել իր օֆշորային հաշվի առկայության մասին։ Այս մասին «Առաջ» շարժման առաջնորդն ու էկոնոմիկայի նախկին նախարարը հայտնել է ապրիլի 17-ին, փոխանցում է RFI -ն։

Ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ Մաքրոնը պատմել է իր եկամուտների մասին ու նախազգուշացրել է իր վերաբերյալ վարկաբեկող նյութերի ծրագրվող հրապարակման մասին։ «Իմ քաղաքական հակառակորդներից մի քանիսը որոշել են կեղծ տեղեկություններ տարածել։ Այս շաբաթ դուք կլսեք, որ «պարոն Մաքրոնն ունի բաց հաշիվ օֆշորներից մեկում։ Դա բացարձակ սուտ է։ Ես միշտ վճարել եմ իմ հարկերը Ֆրանսիայում ու այստեղ պահել իմ բանկային հաշիվները»,- հայտնել է Էկոնոմիկայի նախկին նախարարը։

Մաքրոնի խոսքով, իր մասին վարկաբեկող տեղեկություններ կարող են հաղորդել նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ֆրանսուա Ֆիյոնի թիմակիցները։ Ընդ որում Մաքրոնը չի պարզաբանել, թե որտեղից է ստացել նման տեղեկություն։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցնի ապրիլի 23-ին։ Ըստ Opinionway-Orpi–ի հրապարակած հարցման, Էմանուել Մաքրոնն ու Մարին Լը Պենը կմնան մրցապայքարի ֆավորիտները։ Նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 22 տոկոսը։ Երրորդ տեղում, ըստ հարցման տվյալների, Ֆրանսուա Ֆիյոնն է՝ 21 տոկոսով։

Եթե Մարին Լը Պենն ու Էմանուեալ Մաքրոնն անցնեն երկրորդ փուլ, ապա Մաքրոնը կհաղթի Ազգային ճակատի ղեկավարին։ Մաքրոնի օգտին պատրաստ է իր ձայնը տալ մասնակիցների 64 տոկոսը։