Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակման անհաջող փորձը «ինչ -որ բան սադրելու» նպատակ ուներ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթթիսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ համատեղ ձգտելու է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Մեթթիսն ասել է , որ անցած հանգստյան օրերին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի արձակել, բայց ամեն դեպքում դա չկշռադատված գործողություն էր։ «Հենց այդ պատճառով էլ մենք հիմա այդքան սերտ համագործակցում ենք Չինաստանի հետ։ Անհրաժեշտ է իրավիճակը հսկողության տակ վերցնել ու հասնել Կորեական թերակղզու միջուկային զինաթափմանը»,- ասել է Մեթթիսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, որը անտեսել է Չինաստանի խորհուրդները ու շարունակել միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը, ինչը ԱՄՆ-ն ու մյուս երկրները դիտարկում են որպես ուղիղ սպառնալիք։
Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել։ Պենտագոնը հայտնել է, որ փորձարկումն անհաջող է եղել ու հրթիռը գրեթե վայրկենապես պայթել է։




























