Ապրիլի 19-ին Վենեսուելայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ մասնակցել են երկրի մայրաքաղաք Կարակասում ու եւս 20 քաղաքներում կազմակերպված բողոքի ցույցերին։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ Կարակասում ակցիայի ժամանակ մի ուսանող է գլխից վիրավորվել ու մահացել։

Ցուցարարները պահանջում են անցկացնել արտահերթ ընտրություններ ու բանտից ազատ արձակել ընդդիմության առաջնորդներին, հայտնում է BBC–ն։

Այսօրվա ցույցերը կարող են դառնալ վերջին երեք տարում երկրում անցկացված խոշորագույն ակցիաները։ Ակտիվիստները արդեն դրանք անվանում են «անկախության երկրորդ օր»։

Զուգահեռաբար Կարակասում անցկացվել է նաեւ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների երթը, որոնք ընդդիմադիր ակտիվիստներին մեղադրում են պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

Վենեսուելայում շարունակվում է դիմակայությունը նախագահի ու ընդդիմության միջեւ, որը վերահսկում է խորհրդարանը։ Մադուրոյի հակառակորդները համարում են, որ նրա քաղաքականությունը հանգեցրել է ուժեղ տնտեսական ճգնաժամի ու ժողովրդավարական ազատությունների ճնշման։

ԱՄՀ-i տվյալներով երկրում գնաճի մակարդակն այս տարի կարող է գերազանցել 700 տոկոսը։