Ռուսաստանի Պետդումա է մտել Լիբերալ Դեմոկրատական կուսակցության օրինագիծը՝ Վլադիմիր Լենինի աճյունը հողին հանձնելու մասին։ Ռուսաստանի Կոմկուսը դա անվանել է սադրանք, իսկ «Եդինայա Ռոսիան» ասել է, որ այդ առաջարկի իրականացումը կարող է պառակտում առաջացնել հասարակությունում, հայտնում է «ՌԳ»-ն։
Վլադիմիր Լենինի աճյունը հողին հանձնելու կարգը, ժամկետները ու վայրը որոշում է կառավարությունը, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկները, նշված է օրինագծի տեքստում։ Հեղինակները նշում են, որ Լենինին հուղարկավորելու հարցը դեռ անցած դարի 80-ականներին էր առաջացել, ու այդ ժամանակվանից սկսած այդ հարցի շուրջ բանավեճերը մշտապես շարունակվում են։
Պարզաբանող գրության մեջ շեշտվում է, որ օրինագիծը սահմանում է հուղարկավորման անհրաժեշտությունը, բայց չի նշում որոշակի ժամկետներ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել քաղաքական իրավիճակը, սոցիալական տրամադրությունները, նաեւ բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները։
Հեղինակները նշում են, որ Ռուս ուղղափառ եկեղեցին «համարում է, որ Լենինի աճյունն, անկասկած․ պետք է հողին հանձնվի ու երկիրը այդ հարցում կես դարով ուշացել է» ։ Պատգամավորները մտադիր են իրավական դաշտ ստեղծել ոչ միայն Լենինի, այլեւ մյուս հայտնի պատմական գործիչների մարմինների հետագա վերահուղարկավորության համար։
Մինչդեռ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի կարծիքով Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի ֆոնին Լենինին հուղարկավորելու մասին խոսակցությունները սադրանք են։




























