ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ հետիոտնային ճանապարհը պաշտոնապես փակել են։ Այդ որոշումը կայացվել է մի քանի միջադեպերից հետո, երբ մարդիկ ցատկելով անցել էին Սպիտակ տան արգելապատնեշի վրայով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Սպիտակ տան հարավային կողմին հարակից մայթը մշտապես փակվել է նախօրեին ժամը 23։00-ին։ Մինչ այդ հետիոտնային ճանապարհը միայն գիշերն էին փակում։

Գաղտնի ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քեթի Միլհոունը հայտնել է, որ ճանապարհը փակելու որոշումը որեւէ որոշակի սպառնալիքի պատասխանը չէ։

Անցած ամիս մի տղամարդու հաջողվել էր ցատկել պարսպի վրայով։ Նա 17 րոպե զբոսնել է Սպիտակ տան մոտ եւ միայն դրանից հետո են նրան բռնել։

Այդ հետիոտնային ճանապարհը նաեւ զբոսաշրջիկների սիրելի վայրն է։ Միհոունի խոսքով, մարդիկ այսուհետ նույնպես կկարողանան լուսանկարներ անել, սակայն պարսպից 25 մետր հեռավորությունից։

Տարեսկզբին հաստատվել էր Սպիտակ տան շուրջ ավելի բարձր ցանկապատի շինարարության ծրագիրը։ Այդ նախագծի իրականացման աշխատանքները ծրագրված են այդ տարվա կեսին։