Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Նախագահի աշխատակազմի մամուլի կենտրոնի փոխանցմամբ, քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության եւ կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

ՀՈՒՇԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

- վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջեւ կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը եւ նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,

- հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,

- համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,

- կարեւորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային եւ որակական փոփոխությունները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,

- առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձեւավորումը,

- նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝

ձեւավորում են քաղաքական կոալիցիա եւ քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:

1. Համագործակցության ռազմավարական նպատակները

1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:

1.2. Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ եւ միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձեւավորել համապատասխան օրենսդրություն:

1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ աշխատանքը՝ ձեւավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջեւ մրցակցության, հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:

1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:

1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:

1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք եւ անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժեւորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը:

2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները

2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականությանը:

2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք եւ գործունեության կարգ:

2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը:

2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:

2.5. Ձեւավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:

2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը:

3. Քաղաքական կոալիցիայի գործունեության եւ կազմակերպման կարգը

3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:

3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչեւ համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:

3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:

3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.

3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները եւս ընդունել համախոհությամբ:

Համախոհություն չձեւավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում եւ օղակներում:

3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով ձեւավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձեւավորվել նաեւ մարզային խորհուրդներ:

3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:

3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: